31/10/2022 12:55
Հայաստանում բանկերը մեծ շահույթի 90 տոկոսն ապահովել են ոչ ռեզիդենտների հաշվին. ԿԲ նախագահ
Աժ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց, թե բավականին լուրջ բողոքներ են ստանում թե՛ բիզնեսից, թե՛ հանրությունից՝ կապված բանկային ոլորտի միջնորդավճարների հետ:
«Արդյո՞ք սրանք տնտեսությունից վերցված գումարներ չեն, որոնք պետք է ներդրվեին տնտեսության մեջ: Այս տարի փոխանցված տրանսֆերտների մինչև 3 տոկոսը գանձվել է բանկերի կողմից», - հայտարարեց Հակոբ Արշակյանը:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալաստյանն էլ ասաց, թե աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում պետք է հասկանալ, որ Հայաստանի տնտեսությունը կամ ՀՀ բանկային համակարգը սպասարկում է ոչ միայն ռեզիդենտներին, այլև ոչ ռեզիդենտներին:
«Օրինակ՝ ՀՀ բանկային համակարգի ստացված շահույթի մոտ 90 տոկոսը վերաբերում է ոչ թե վարկային պրոդուկտների տարբերության արդյունքում ձևավորված շահույթին, այլ՝ հարակից ծառայություններին, որոնց սպառողների մոտ 90 տոկոսը ոչ ռեզիդենտներ են: Այսինքն՝ եթե մենք անում ենք կապիտալի լրիվ ազատ ու բաց գործառնություններ, ինչպես որ արվում է, իսկ երկրներ կան, որտեղ գործում են սահմանափակումներ, մենք կարող ենք բախվել մի իրավիճակի հետ, որ ՀՀ բանկային համակարգը կդառնա այդ երկրների տնտեսությունները սպասարկող կամ կցորդ, ինչը մեզ համար չափազանց անցանկալի է», - հայտարարեց ԿԲ նախագահը:
Մարտին Գալստյանի խոսքով՝ ազգային արժույթով կանխիկացմա դեպքում որևէ սակագին չի գործում:
«Սակագինը գործում է օտարերկրյա արժույթների վերաբերյալ, որոնց նկատմամբ Հայաստանի բանկային համակարգն ունի հասանելիության խնդիր, այսինքն՝ այս պահի դրությմամբ ԱՄՆ իշխանությունների կողմից վարվում է քաղաքականություն, որը սահմանափակում է իրենց արժույթի կանխիկի շրջանառությունն աշխարհում, ներառյալ՝ Հայաստանում, գնալով թանկանում են այդ տիպի ծառայությունների մատուցումները։ Եթե ժամանակին մեր բանկերը 0,1 կամ 0,2 տոկոսով կարողանում էին օտարերկրյա գործընկերներից կանխիկ արտարժույթ բերել, հիմա, սահմանափակումների արդյունքում, համ ավելացել է ներմուծվող գումարի նկատմամբ գանձվող մեծությունը, համ էլ չափազանց խստացվել են պայմանները, որոնցով կանխիկը տրամադրվում է», - մանրամասնեց Կենտրոնական բանկի նախագահը:
Նա ընդգծեց՝ այն ուղեծիրը, որն ունի Հայաստանը անկանխիկի մասով, ճիշտ է ու պետք է դա պահել: