01/11/2022 09:36
«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն այլևս չի վստահում անգամ մտերիմներին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ համագումարը վարչություն ընտրեց, որն էլ՝ վարչության նախագահ։ ՔՊ-ականներն անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։ Շատերը սպասել են, որ, ավանդույթի համաձայն, նա կհրաժարվի։ Սրանով էր պայմանավորված, որ այդ պաշտոնի համար թեժ մրցում էին Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը։ Սակայն, ի զարմանս շատերի, Փաշինյանն ընդունել է վարչության անդամների՝ նախագահությունը ստանձնելու խնդրանք-առաջարկը։
ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն այլևս չի վստահում անգամ մտերիմներին, ուստի որոշել է ստանձնել կուսակցության ղեկավարի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի լիդեր դառնալ և աչք դնել իր աթոռին։ Փաշինյանի ընտրվելը մեկ այլ բացատրություն էլ ունի` ՔՊ վերնախավում այնքան անհաշտ են, որ ոչ մեկը, բացի Փաշինյանից, չի կարող կուսակցությունը կառավարել: 2015-ին հիմնադրվելուց հետո ՔՊ-ում վարչության նախագահությունը ստանձնել էր Արայիկ Հարությունյանը, հետո՝ Սասուն Միքայելյանը, իսկ 2019-ից ի վեր՝ Սուրեն Պապիկյանը»։