01/11/2022 15:55
Գեղարքունիքի մարզպետը ԵՄ առաքելության դիտորդական թիմին ներկայացրել է հրետակոծության հետևանքներն ու առկա ռիսկերը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր մարզպետարանում ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին՝ գլխավորությամբ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի։
«Ի շարունակություն նախորդ օրը՝ հոկտեմբեր 31-ին Վարդենիսում և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների և շրջայցի ընթացքում տրամադրած տեղեկատվության, մանրամասներ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի թշնամու ռազմական ագրեսիայի, վայրագությունների, հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված վիճակի և այլնի մասին, դրանք առավել առարկայական դարձնելով լուսանկարների ցուցադրմամբ։
Խոսելով հրետակոծված բնակավայրերում վնասված շենք-շինությունների մասին՝ տեղեկացրի, որ ՀՀ կառավարության աջակցությամբ այս պահին ընթանում են մասնակի վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներ, իսկ ամբողջովին տուժած ութ բնակարանների խնդիրները կառավարությունը կլուծի նորի կառուցմամբ», - ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետը՝ ավելացնելով, որ խոսել են նաև մարզում առկա ռիսկերի, հրետակոծությունից տուժած բնակավայրերին մատակարարվող ջրային ռեսուրսների սանիտարական վիճակի պահպանության, տեղահանվածներին և դպրոցականներին հոգեբանական աջակցության ցուցաբերման, և այլ թեմաների մասին։
Պայմանավորվածություն են ձեռք բերել՝ պարբերաբար հանդիպել, քանի որ նման քննարկումները նպաստում են աշխատանքների ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը։