01/11/2022 13:05
«Այդ սցենարն անհնար է». Վահան Քերոբյանը բացառում է, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել ցորեն արտահանել Հայաստան
Այս պահին աշխարհում որևիցե երկիր չկա, որ հացահատիկի խնդիր չունի, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Պարենային անվտանգության հարցը բոլոր երկրների գլխավոր խնդիրներից է, որը պետք է լուծել: Ցորենի միջանցքը փակվեց, խնդիրներ ավելացան, աղքատ երկրներում խնդիրը շատ սուր է դրված», - նշեց նա:
Քերոբյանը վստահեցրեց՝ անում են ամեն ինչ, որ Հայաստանում ալյուրի, հացի հետ կապված խնդիր չառաջանա:
Հարցին՝ եթե Ռուսաստանը որոշի, որ չի արտահանում ցորեն, ի՞նչ է լինելու՝ Էկոնոմիկայի նախարարն արձագանքեց. «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, չէի ուզենա նման սցենար դիտարկել, շատ լավ հարաբերություններ ունեմ իմ գործընկերների հետ, այդ սցենարն անհնար է»: