01/11/2022 19:20
Թեհրանում հայտարարել են՝ Ռուսաստանն ու Իրանը համագործակցության ոսկեդարն են ապրում
Մոսկվան ու Թեհրանն իրենց համագործակցության ոսկեդարն են ապրում, հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին՝ առևտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական հանձնաժողովի նիստի ժամանակ։
«Իրանն ու Ռուսաստանը օրեցօր զարգանում են, մենք երկու ժողովուրդների զարգացման և Իրանի ու Ռուսաստանի հզորացման ոսկե ժամանակաշրջանում ենք, հավասարակշռված հարաբերությունների հասնելու համար եղած բոլոր հնարավորություններից օգտվելու մեր կառավարությունների վճռականությունը փոխկապակցված է»,- հայտարարել է նա։
Ջավադ Օուջին կարևորել է նաև ռուս-իրանական հարաբերությունների զարգացման գործում երկու երկրների ղեկավարների ներդրած ջանքերը՝ նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում նրանք 5 հանդիպում են անցկացրել։
«Անկասկած, անհրաժեշտ է զարգացնել մեր հարաբերությունները, մասնավորապես, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքների, նավթի, էներգետիկայի, տարանցման, ֆինանսական ոլորտներում, որպեսզի հասնենք երկու երկրների միջև առևտրի և ապրանքաշրջանառության ցանկալի մակարդակին»,- ասել է Իրանի նավթի նախարարը։