01/11/2022 10:16
«Փաստ». Տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան կառավարության կանխատեսած 7 %-ը. ԿԲ-ն ձախողել է դրամավարկային քաղաքականությունը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Սարգսյանն ասել է, թե, իրենց կանխատեսումներով, 2023 թվականին տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան կառավարության կանխատեսած 7 %-ը։ «Մենք ակնկալում ենք, որ աճը կլինի 4,5%-ի շրջանակում», - նշել էր նա։
ԿԲ նախագահը խոսել էր նաև գնաճի միտումների մասին՝ նշելով, թե, ըստ միջազգային ֆինանսական բոլոր կառույցների ներկայացուցիչների, գնաճի տեսքով մարտահրավեր կա, որը մեկ իշխանության միջոցներով հաղթահարելն անհնար է: «Փաստի» հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է, որ Հայաստանի ԿԲ-ն քարացած մտածելակերպ ունի, ավելի շատ հետևում է միջազգային տարբեր ինստիտուտների հանձնարարականներին, քան տնտեսության իրական գործընթացներին:
«Արդեն երկրորդ տարին է՝ ԿԲ-ն հայտարարում է նպատակային՝ 4 տոկոսանոց գնաճի մասին, բայց անընդհատ այն վերանայվում է, գնաճը գերազանցում է նախանշված թիրախային ցուցանիշը: Օրինակ՝ անցած տարի 7,7 գնաճ ունեինք, այս տարի ԿԲ-ն կանխատեսում է, որ տարին կփակենք 8,5 տոկոսով, բայց դա էլ չի լինելու. 2022 թ. 9 ամսվա հաշվարկով արդեն իսկ 8,6 տոկոս գնաճ ունենք, իսկ սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 9,9 տոկոս գնաճ էր արձանագրվել: Այսինքն, ակնհայտ է, որ ԿԲ-ն ձախողել է դրամավարկային քաղաքականությունը», - ասաց Պարսյանը»։