01/11/2022 11:54
2023 թվականի անվանական ՀՆԱ-ն կանխատեսվում է 9,3 տրիլիոն, իսկ ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսվում է 7 տոկոս. ՊԵԿ նախագահ
2023 թվականի անվանական ՀՆԱ-ն կանխատեսվում է 9,3 տրիլիոն, իսկ ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսվում է 7 տոկոս՝ 2022 թվականի համար սպասվող 11 տոկոսի դիմաց, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Այս տարվա համար կանխատեսվող հարկային եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 920 միլիարդ դրամ, իսկ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կանխատեսվում է 23,2-ի շրջանակներում:
Բադասյանը ներկայացրեց գործոնները, որոնք ազդում են լրացուցիչ հարկային եկամուտների վրա:
«Դրանք տնտեսական գործոններն են, երկրորդ խումբը օրենսդրական գործոններն են, մասնավորապես, մետաղի տուրքի մասին է խոսքը, երրորդ գործոնը վարչարարականն է», - նշեց Բադասյանը:
Նրա խոսքով՝ ամեն տարի 0,5 տոկոսային կետով վարչարարության հաշվին հարկեր-ՀՆԱ-ն պետք է կրճատվի:
Ըստ ՊԵԿ-ի հաշվարկների՝ այս տարի մաքսատուրքի մասով պետք է լիներ շուրջ 115 միլիարդի մուտք, եթե այլ անոմալիաներ չլինեին:
«Մենք շուրջ 84,8 միլիարդով ավելի քիչ ենք ստանալու մաքսատուրք», - նշեց ՊԵԿ նախագահը:
Առաջին ինն ամիսների ցուցանիշներով՝ ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 139,8 միլիարդ, իսկ եկամտային հարկը՝ 30,8 միլիարդ: