01/11/2022 10:42
ԱԺ-ում շարունակվում է 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը. ՏԿԵ նախարարությանը հաջորդ տարի 30 միլիարդ դրամ ավելի գումար կհատկացվի
ՀՀ ազգային ժողովում շարունակվում է 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին 2023 թվականի պետական բյուջեով կհատկացվի 35 միլիարդ 543 միլիոն 900 հազար դրամ:
«2021 թվականի պետական բյուջեով հաստատված փաստացի ծախսերը, որոնք նաև հաշվետվությամբ զեկուցված են ԱԺ-ին, կազմել են 27 միլիարդ 853 միլիոն 400 հազար դրամ, իսկ 2022-ին՝ մոտ 29 միլիարդ 462 հազար 700 դրամ», - նշեց նախարարը:
Էկոնոմիկայի նախարարությանը 2023 թվականի պետբյուջեով կհատկացվի 64 միլիարդ 912 միլիոն դրամ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կհատկացվի 298 միլիարդ 627 միլիոն դրամ, որը 2022 թվականի բյուջեի 268 միլիարդ 296 միլիոն դրամի նկատմամբ ավելի է մոտ 30 միլիարդ դրամով:
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կհատկացվի 14 միլիարդ 495 միլիոն դրամ», - նշեց Խաչատրյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին 2023 թվականի պետբյուջեով կհատկացվի 1 միլիարդ 109 միլիոն դրամ, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կհատկացվի 595 միլիոն դրամ:
Ֆինանսների նախարարն ասաց, որ 2023 թվականի պետական բյուջեով Կադաստրի կոմիտեին կհատկացվի 4 միլիարդ 418 միլիոն դրամ, իսկ Քաղաքաշինության կոմիտեին՝ 2 միլիարդ 30 միլիոն դրամ: