01/11/2022 09:55
«Ժողովուրդ». Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկ մեկնարկել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ավանդաբար կառավարությունների ղեկավարներն են բյուջեները ներկայացնում խորհրդարանին. երեկ աննախադեպ էր, որ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկար: Նա Սոչիում էր, խորհրդարանում կլինի վաղը և ելույթ կունենա:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հիշեց մանիպուլյատիվ հայտարարությունները, որոնք նա արել է նախորդ տարիներին նույն թեմայով ելույթ ունենալիս: Այս տարվա մայիսի 6-ին նա խորհրդարանում ներկայացնում էր կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցը և խոսեց պարգևավճարների մասին, որոնք առկա են նաև հաջորդ տարվա բյուջեում:
«Ես էլի ուզում եմ անդրադառնալ պետական ծառայողների և պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը: Ես ուզում եմ կրկին ընդգծել, այո՛, իմ որոշմամբ դա տեղի է ունեցել, և դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստումը ի կատար է ածվել: Ինչու՞ պարգևավճարների համակարգով և ոչ աշխատավարձերի համակարգով. որովհետև գործող աշխատավարձերի համակարգը, որն այսօր գործում է, իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է, և այսօր մենք հանրային ծառայության բարեփոխումների շրջանակներում այս ողջ պրոցեսը, որը մենք հիմա իրականացնում ենք դե ֆակտո որպես աշխատավարձ, դե յուրե որպես պարգևավճար կտրանսֆորմացնենք ձեր հաստատմամբ և աջակցությամբ որպես աշխատավարձի համակարգ», -ասել էր Փաշինյանը:
Սակայն նրա մատնանշած «հեղափոխական հարթակից» Նիկոլ Փաշինյանը պարգևավճար բաժանելու խոստում չէր տվել: Նա խոստացել է բարձրացնել պետական աշխատողների ու ոստիկանների աշխատավարձերը:
«…Պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում իրենց ընտանիքը պահելու համար… », – ասել էր նա:
Այսինքն՝ այսպես նա փորձել է արդարացնել պարգևավճարները ու դրանցից չհրաժարվելը, սակայն հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»։