02/11/2022 13:40
Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականն է. ՌԴ-ում համաձայն են դրա հետ. Ալեն Սիմոնյան
Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականն է, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդգծելով՝ ՌԴ-ում համաձայն են դրա հետ:
«Վերջին այցի ժամանակ ՌԴ պետդումայի ղեկավարը հայտարարեց, թե շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այդ շփումները բավարար չեն եղել: Մեր կապերը շատ ավելի վատն են եղել, իսկ այսօր ունենք միջխորհրդարանական շատ ավելի սերտ հարաբերություններ», - ասաց նա:
Խոսելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների մասին՝ ԱԺ նախագահն ասաց, թե Լուկաշենկոն չէ իր մտքերի հեղինակը:
Հարցին՝ ո՞վ է, Մոսկվայի՞ց է՝ արձագանքեց. «Չգիտեմ, կարող է հա՛մ Մոսկվայից լինի, հա՛մ Բաքվից, հա՛մ Ալմաթայից: Ես կարծում եմ, որ ինքը ներքին լուրջ խնդիրներ ունի, ու Բելառուսի ժողովրդին, ենթադրում եմ, նույնպես դուր չեն եկել Լուկաշենկոյի ասածները, ցավում եմ»:
Թե ինչու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի աձագանքում Լուկաշենկոյին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ արձագանք եղել է, ուղղակի ճիշտ չէ, որ տեսագրությունը ներկայացվի հանրությանը: