02/11/2022 19:58
«Օրենսդրությունն արգելում է առգրավել փաստաբանի մոտ գտնվող կրիչները»․ Փաստաբանների պալատը դիմել է գլխավոր դատախազին՝ պարտավորեցնելու վերադարձնել Էրիկ Ալեքսանյանի հեռախոսը
«ՀՀ փաստաբանների պալատը» Էրիկ Ալեքսանյանի հեռախոսը առգրավվելու փաստով դիմել է գլխավոր դատախազին։
«Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում անձնական խուզարկությամբ նախաքննական մարմինն առգրավել է նրա հեռախոսը:
Այդ մասին հրապարակային տեղեկություններ էին տարածել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները՝ նշելով, որ հեռախոսը՝ որպես էլեկտրոնային կրիչ, պարունակում է փաստաբանի վստահորդներին առնչվող փաստաբանական գաղտնիք: Դրան զուգահեռ, Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները հավաստի տվյալներ են ներկայացրել Փաստաբանների պալատ առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է «փաստաբանական գաղտնիքի երաշխիքների պահպանմամբ» հեռախոսի հետ կապված կատարել վարութային և ապացուցողական այլ գործողություններ, այդ թվում՝ բջջային հեռախոսի թվային խուզարկություն, դրա արդյունքների զննում և այլն:
Այս կապակցությամբ Փաստաբանների պալատը կրկին ընդգծում է, որ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն (փորձ) բացարձակապես անընդունելի է. Փաստաբանների պալատը խստագույնս դատապարտում է այդպիսի գործելակերպը: Նման երևույթներն անթույլատրելի են ժողովրդավարական հասարակության մեջ:
Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ գործող օրենսդրությունն արգելում է առգրավել (վերցնել) փաստաբանի մոտ կամ փաստաբանական գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչները: Դրանք անձեռնմխելի են, չեն կարող օգտագործվել քրեական վարույթի շրջանակներում և գտնվում են օրենքի խիստ պաշտպանության ներքո:
Փաստաբանական գաղտնիքի մեջ ներառվում է նաև փաստաբանի և նրա վստահորդի ցանկացած հաղորդակցություն, տեղեկատվության փոխանակում: Գործնականում դա կատարվում է նաև հեռահաղորդակցության միջոցներով, ինչպիսին է հեռախոսը, և ողջամտորեն փաստաբանի հեռախոսը պարունակում է այդպիսի տվյալներ: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հեռախոսը բացառություն չի կազմում:
Քրեական վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հնարավորություն չունի փաստաբանական գաղտնիքի երաշխիքների պահպանմամբ իրականացնելու փաստաբանի հեռախոսի պարունակությունը բացահայտող դատավարական գործողություն, ուստի այդպիսի ցանկացած գործողություն հղի է փաստաբանական գաղտնիքի պաշտպանության իրավական երաշխիքների խախտման վտանգով:
Նշվածը հիմք ընդունելով՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահն այսօր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության գործառույթի շրջանակներում կանխելու նախաքննական մարմնի կողմից Էրիկ Ալեքսանյանի հեռախոսի պարունակությունը հասանելի դարձնող դատավարական ցանկացած գործողություն և պարտավորեցնելու վերադարձնել հեռախոսը:
Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազից հայցվել է միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը բացառելու և այդ առումով հավելյալ երաշխիքներ ապահովելու ուղղությամբ»,- նշված է «ՀՀ փաստաբանների պալատի» տարածած հայտարարությունում: