02/11/2022 21:32
«Մի անգամ Երևանում»․ Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված երեկո կանցկացվի
2023 թվականին կլրանա մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 40-րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ կլինեն բազմաթիվ իրադարձություններ և նախագծեր, որոնցից մեկը «Մի անգամ Երևանում» հիշատակի երեկոն է: Միջոցառումը կանցկացվի Ռուսաստանի և Հայաստանի 20 խոշոր քաղաքներում, որտեղ էլ կընտրվեն երեխաներ և ստեղծագործող երիտասարդներ՝ մասնակցելու Գալա-համերգին: Միջոցառումն անցկացնելու է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը:
Այս տարի նոյեմբերի 13-ին ժամը 19-ին Ա. Բաբաջանյանի անվան դահլիճում կանցկացվի համերգներից առաջինը՝ ռուս հայտնի արտիստ Սերգեյ Կռիլովի, ինչպես նաև հայաստանցի երիտասարդ տաղանդների մասնակցությամբ։ Երգացանկում ընդգրկված են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Հանդիսատեսը կամերային մթնոլորտում շատ հետաքրքիր դրվագներ կլսի կոմպոզիտորի և դաշնակահարի, հայ ազգային մշակույթի ամենավառ ներկայացուցչի անձնական կյանքից, ինչպես նաև կբացահայտի նոր անուններ կոնսերվատորիայի ուսանողներից և ստեղծագործող երիտասարդներից։
Երեկոյի վարողն է Բաբաջանյանի երաժշտության վաղեմի երկրպագու Սերգեյ Կռիլովը, ով սերտորեն համագործակցում է Ա. Բաբաջանյան հիմնադրամի հետ: