02/11/2022 20:20
173 գազալցակայանում ստուգումների արդյունքով 234 վարչական արձանագրություն է կազմվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողական գործառույթներ են իրականացրել մայրաքաղաքի 11 վարչական շրջաններում, ինչպես նաև՝ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում գործող գազալցակայաններում՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների պարբերական վկայագրման և ճնշափորձարկում անցած տրանսպորտային միջոցների լիցքավորման նկատմամբ։
Վերահսկողական գործառույթների շրջանակում Տեսչական մարմնի մասնագետների կողմից 5 օրում 173 գազալցակայանում դիտարկվել է 1520 տրանսպորտային միջոց, որից 885-ը մայրաքաղաքում, 635-ը՝ մարզերում։
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150․153 հոդվածի՝ վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու 234 վարչական արձանագրություն, որից 119-ը՝ մայրաքաղաքում, 115-ը՝ մարզերում։