02/11/2022 11:10
Եթե ՀՀ քաղաքացիներն իրենց դրամը պահում են աջ գրպանում, պետք է ՀՀ պետական բյուջեն համարեն իրենց ձախ գրպանը. Վարչապետ
Խաղադրույք կատարելը Հայաստանում վեր էր ածվել տնտեսության առաջատար ճյուղի, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ասաց՝ ուրախ է, որ հետևողական քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ:
«Բայց մենք չպետք է կանգնենք գովազդներն արգելելու վրա, իհարկե, կառավարությունն աշխատում է շահումով խաղերի հարկման առավել արդյունավետ համակարգեր ստեղծելու վրա», - նշեց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ սարսափով են արձանագրում, որ ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող շատ քաղաքացիներ իրենց նպաստները ծախսում են խաղադրույքների վրա:
«Մենք պետք է գործուն քայլեր իրականացնենք սրան վերջ տալու համար, որովհետև եթե քաղաքացին կարող է իր նպաստի 90 տոկոսը վատնել խաղադրույքների վրա, հարց՝ ինչո՞ւ է կառավարությունը նրանց վճարում», - ընդգծեց Փաշինյանը:
Նա ասաց, թե թույլ կտան խաղադրույքներ իրականացնել միայն բանկային քարտերից ու հաշիվներից, ինչը նշանակում է ցանկացած խաղադրույք կատարող մարդու նույնականացնել:
Անդրադառնալով ՀՀ պետական բյուջեին՝ Փաշինյանն ասաց, թե շատ է ուզում, որ Հայաստանում հարկեր վճարելու ու պետական բյուջեի նկատմամբ վերաբերմունքն էական ու խորքային փոփոխություններ կրի:
«Մարդն ունի եկամուտներ, պայմանական ասած՝ գրպան, եթե ՀՀ քաղաքացիներն իրենց դրամը պահում են աջ գրպանում, պետք է ՀՀ պետական բյուջեն համարեն իրենց սեփական ձախ գրպանը», - ընդգծեց վարչապետը: