02/11/2022 10:31
«Հրապարակ». Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու գործով մինչ այժմ մեղադրյալներ ներգրավված չեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին Էդգար Ղազարյանին ԱԺ բակից ոստիկանների բերման ենթարկելու գործով քրեական վարույթ է սկսվել, Ղազարյանը ճանաչվել է տուժող։ Հիշեցնենք, որ այդ օրն ԱԺ ընդունարանի մոտից դիմակավորված ոստիկաններն ուղղակի առևանգել էին Ղազարյանին՝ նրա նկատմամբ բիրտ ուժ կիրառելով, և տարել ոստիկանություն։ Նույն օրն ԱԺ-ի դիմաց տեղի ունեցավ բազմամարդ հանրահավաք։ Էդգար Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը՝ ասելով, որ երեկ է ներկայացել նախաքննական մարմնին։
Ինչ վերաբերում է մյուս գործին, որով Էդգար Ղազարյանը տուժող է ճանաչվել, դեռ որևէ առաջընթաց չկա։ Խոսքը Ղազարյանին իրենց բակում 2 անձի կողմից ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրգործի մասին է։ Այդ գործով մինչ այժմ մեղադրյալներ ներգրավված չեն, նույնիսկ վարույթն իրականացնող մարմնի համար «անհայտ» է, թե ովքեր են եղել ծեծողները՝ այն դեպքում, երբ այդ տարածքում մի քանի տեսախցիկներ կան և անգամ՝ ականատես վկա»։