02/11/2022 09:52
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը տարածքների կորստի բեռը ջարդելու է զորամասի անձնակազմի «գլխին»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններն այս օրերին լուրջ քննություն են սկսել սեպտեմբերի 13-ին և 14-ին սկսված պատերազմի գործողությունների մասով: Քննչական մարմինները լծվել են զորամասերի անձնակազմին հարցաքննելու գործին և փորձում են հասկանալ, թե ինչու և ինչպես ստացվեց, որ երկու օրվա մեջ հակառակորդն այդքան դիրքային առավելություն ունեցավ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում սեպտեմբերի 13-ի և 14-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերով մեղադրանքների առաջադրման տեղատարափ է լինելու, ասել է թե՝ իրավապահ համակարգը տարածքների կորստի բեռը ջարդելու է զորամասի անձնակազմի «գլխին», թե ով ինչ արեց կամ չարեց հայրենիքը փրկելու համար:
Առաջին մեղադրանքն արդեն կա. ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետի պետին է մեղադրանք առաջադրվել, որ նա հրաժարվել է պատերազմի ժամանակ զորամասի հրամանատարի հրամանը կատարել»։