02/11/2022 10:05
«Ժողովուրդ». Ի՞նչ են ենթադրելու ՌԴ տրանսպորտի նախարարության սահմանած նոր փոփոխությունները, ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ՝ ՌԴ տրանսպորտի նախարարության որոշման մասին: Մասնավորապես, լաստանավի տարածքում տրանսպորտային միջոցների մեծ ծանրաբեռնվածության պատճառով և անցումները «Կովկաս» նավահանգստում Ղրիմի Հանրապետության ուղղությամբ վերացնելու նպատակով ստեղծվել է լաստանավի վրա բեռնման սպասման հերթ: Այդ որոշմամբ սահմանվելու է այն ապրանքների ցանկը, որոնց տեղափոխումը թույլատրվում է: Այսպիսով, լինելու է Ղրիմի Հանրապետություն բեռնափոխադրումների առաջնահերթություն: Թույլատրվող բեռներն են լինելու փչացող ապրանքներ, երկրորդ տեղում՝ ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցներ, դեղագործական արտադրանք:
Ընդ որում՝ այն բեռները, որոնք չեն պատկանում նշված ցուցակներին, խորհուրդ է տրվում ուղարկել՝ օգտագործելով երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտ: Հրապարակվել է նաև փչացող ապրանքների ցանկը՝ խորը սառեցված և սառեցված մթերքներ, այլ փչացող ապրանքներ, արագ փչացող ապրանքներ՝ մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք և թթու կաթ, սննդամթերք, միս և դրա վերամշակման արտադրանք և այլ սննդամթերք, որոնք պահանջում են փոխադրման ջերմաստիճանային ռեժիմ: Ի վերջո, ի՞նչ են ենթադրելու այս փոփոխությունները, ինչպես կանդրադառնան Հայաստանի, այստեղ վաճառվող ապրանքների գների վրա:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից։ Վերջինս լրագրողների հետ զրույցից հետո համաձայնել էր պատասխանել նաև մեր առանձին հարցերին, սակայն երբ իմացավ, թե մենք որ լրատվամիջոցն ենք ներկայացնում, որոշեց, թե չպետք է պատասխանի, քանի որ արդեն խոսել է: Այդ պահվածքից, ցավոք, ՀՀ ներմուծվող ապրանքների արգելքի խնդիրը չի լուծվում»։