02/11/2022 15:47
Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության և մշտադիտարկումների արդյունքով հարուցվել է 14 քրեական վարույթ. ՊՎԾ պետ
Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ որևէ մեկն իրենց թիրախում չկա:
«Մեր խնդիրը ՀՀ վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունների պատշաճ իրականացումն է, ինչն իրականացնում ենք», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնվել է ՊՎԾ-ի թիրախում:
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրությունը մեկնարկել էր տարեսկզբին և վերջացել է, ամփոփվել ու տեղեկանքները ներկայացվել են վարչապետին մայիսի 31-ին, որից հետո որոշ փաստերի համադրմամբ տեղեկատվությունը փոխանցվել է Գլխավոր դատախազությանը, բայց, զուգահեռաբար, իրականացվում են մշտադիտարկումներ մի քանի ոլորտներում:
«Կարող եմ ասել, որ, այս պահի դրությամբ, Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության և մշտադիտարկումների արդյունքով հարուցվել է 14 քրեական վարույթ: Խոսքը, հիմնականում, պետական բյուջեից դոտացիաների տրամադրման, դրանց ելակետային տվյալների, գույքահարկի, հողի հարկի, սեփական եկամուտների մասով սխալ հաշվարկների, ինչպես նաև մի շարք սուբյեկտների դեպքում սեփական եկամուտների գծով այդ միջոցների չգանձման փաստերի մասին է, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում առկա առերևույթ այնպիսի խախտումների, ինչպիսիք են առանց տեղական տուրքի ու վճարների և վարչարարության կիրառման ժամկետանց շինթույլտվությունների մի քանի անգամ երկարաձգումները, ավարտական ակտերի մասով առանց վարչարարության և առանց վճարների գանձման տրամադրումները ու խտրական մոտեցումները», - մանրամասնեց ՊՎԾ պետը:
Նա ընդգծեց, թե բոլոր այդ փաստերին իրավական գնահատական կտրվի:
Պետրոսյանը հավելեց, որ 14 քերեկան գործը վերաբերում է 2011-2022 թթ. ընկած ժամանակահատվածին: