02/11/2022 09:47
«Հրապարակ». ՔՊ-ում «հետընտրական ռազբորկաներ» են սկսվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ-ում «հետընտրական ռազբորկաներ» են սկսվել։ Շաբաթ օրը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նաև նոր վարչություն ընտրվեց։ Ընտրությունների արդյունքները ՔՊ-ում ոմանց մոտ կասկածներ են հարուցել, մասնավորապես, որոշ ՔՊ-ականներ կասկած ունեն, որ հաշվարկը ճիշտ չի կատարվել, և իրենց օգտին տրված քվեները հաշվել են ուրիշների օգտին, որպեսզի Փաշինյանի ճաշակով վարչություն ձևավորվի։
Երեկ ՔՊ մեր աղբյուրից տեղեկացանք, որ վերահաշվարկի դիմում է ներկայացվել վարչությանը, որով պահանջում են կրկին հաշվել ձայները։ Հիշեցնենք, որ վարչությունում առաջադրվելու ցանկություն էր հայտնել 48 անձ, վարչությունը կազմված է 15 հոգուց։ Համագումարին մասնակցած հազարի չափ ՔՊ-ականներից յուրաքանչյուրը քվեարկել է 15 հոգու համար, և վարչությունը կազմվել է 48 հոգուց ամենից շատ ձայներ ստացած 15 կուսակցականներից։ Քվեարկության արդյունքները պարզ դառնալուց հետո ներքին բուռն քննարկումներ են գնացել, սակայն դժգոհները տատանվում են, վախեցել են մինչև վերջ գնալու դեպքում կորցնել պատգամավորի մանդատը կամ պաշտոնը։ Ի վերջո, վերահաշվարկի դիմումը ներկայացվել է միայն ՔՊ-ական նախկին պատգամավոր, վարչության թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանի կողմից, սակայն, մեր աղբյուրի կարծիքով, «Ալիկը ոչ թե իր ձայների համար է պայքարում, այլ կարկառուն կուսակցականներից մեկի հորդորով է դիմել, որ իրականությունը ջրի երես հանի», տալիս են Արսեն Թորոսյանի անունը:
Կընդունի՞ արդյոք ՔՊ-ն կուսակցի դիմումը, և կլինի՞ վերահաշվարկ՝ անգամ կուսակցությունում են խիստ կասկածում։ Երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել Ավետիսյանի հետ, սակայն այլ ՔՊ-ականներ մեզ հետ զրույցում խոստովանեցին դիմումի առկայության փաստը՝ խնդրելով անուններ չհրապարակել»։