03/11/2022 13:16
Կոռումպացված և ռասիստական Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա՝ ձգտելով էթնիկ զտումների և ցեղասպանության. Բուայե
Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործընկերությունն Ադրբեջանի հետ խայտառակություն է. էներգետիկ ճգնաժամը չի կարող արդարացում լինել, հատկապես, երբ բախվում ենք իրական պատերազմական հանցագործությունների: Այս մասին Public Senat հեռուստաալիքի եթերում հայտարարել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն, գրում է 1lurer.am-ը։
«Ֆրանսիան կարող էր ավելին անել Հայաստանի համար, հատկապես, երբ մենք նախագահում էինք Եվրամիությունում։ Դիտորդներ ուղարկելը նվազագույնն է, ինչ մենք կարող էինք անել: Հայաստանի թշնամիները բացահայտ ասում են, որ ցանկանում են ոչնչացնել հայերին: Եվ չնայած դրան՝ մենք շարունակում ենք ընդունել այդ ղեկավարներին, և Եվրոպան Ադրբեջանից գազ է գնում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, որը հայտարարում է, որ Ալիևը հուսալի գործընկեր է», - նշել է Բուայեն։
Նրա խոսքով՝ Եվրոպան արդարացիորեն մոբիլիզացվել է Ուկրաինայի համար, բայց լռում է Հայաստանի մասին։ «Հայերի կյանքն ավելի քի՞չ արժե, քան ուկրաինացիների կյանքը: Կա Ադրբեջանի կոռումպացված և ռասիստական պետություն, որը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա՝ ձգտելով էթնիկ զտումների և ցեղասպանության շարունակման», - հավելել է Սենատորը: