03/11/2022 11:56
«Փոթիի օպերատորը խստորեն հետևում է պատժամիջոցներին». ինչու չի գործարկվում լաստանավային հաղորդակցությունը
Լաստանավային հաղորդակցությունը, որը, ենթադրվում է, որ պետք է թեթևացնի Լարսի անցակետի հերթերի խնդիրը, մինչև այժմ չի գործարկվում, քանի որ Փոթիի նավահանգստի օպերատորը խստորեն հետևում է թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան պատժամիջոցներին և մինչև այժմ պարտավորություն չի ստանձնել, թե ինչ ժամանակում կպատասխանի այս կամ այն բեռը թողնելու կամ չթողնելու որոշման վերաբերյալ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Հիմնական խնդիրը, որի պատճառով մենք չենք սկսում, այն է, որ ուզում ենք այդ կապը լինի այնքան կայուն ու կանխատեսելի, որ պետական բյուջեից ծախսվելիք միջոցները տան իրենց ճիշտ տնտեսական արդյունքը», - ասաց Քերոբյանը:
Նա նշեց, թե մինչև այժմ ոչ մի դրամ չի ծախսվել լաստանավային հաղորդակցության սուբսիդավորման վրա:
Թե ինչն է խնդիրը, որը թույլ չի տվել մինչև այս պահը սկսել լաստանավային հաղորդակցությունը՝ նախարարը պարզաբանեց. «Քանի որ Փոթիի նավահանգստի օպերատորը հոլանդական ընկերություն է և իրենք խիստ հետևում են թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան պատժամիջոցներին, իրենք, ըստ էության, մեր առջև ոչ մի պարտավորություն չեն ստանձնել, թե ինչ ժամանակում կպատասխանեն այս կամ այն բեռը թողնելու կամ չթողնելու որոշման վերաբերյալ: Ցանկացած բեռ իրենք պետք է ստուգեն պատժամիջոցների համապատասխանության կամ չհամապատասխանության առումով և ըստ այդմ որոշեն՝ թողնո՞ւմ են, թե՞ ոչ: Փոթիի օպերատորը մինչև վերջերս մեզ չի տվել հստակ ժամանակ»:
Նախարարը հույս ունի, որ կհասցնեն մինչև վատ եղանակների սկսելը դա գործարկել:
«Խնդիրը, պարզվեց, բավականին բարդ է, քան կառավարությունն ի սկզբանե պատկերացրել է: Ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի ունենա, քանի որ դա շատ կարևոր կապող օղակ է Հայաստանի և Եվրասիական մայրցամաքի միջև», - ընդգծեց Քերոբյանը: