03/11/2022 11:10
Հայաստանի դերն ու հեղինակությունը բարձրանում է ԵԱՏՄ-ում. մեր առաջարկները որոշիչ են դառնում. Վահան Քերոբյան
Հայաստանը 2021 թվականի կեսից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում, այսինքն՝ ավելի շատ տալիս է, քան ստանում, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ըստ նրա՝ մոտ ապագայում կարիք կլինի միության բյուջեի վերաբաշխում կատարել:
«Հայաստանն անցյալ տարվա կեսերից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում: Այսինքն՝ մենք ավելի շատ տալիս ենք, քան՝ ստանում: Քննարկումներ են գնում, ԵԱՏՄ նիստի ընթացքում վարչապետն էլ նշեց, որ կարիք կլինի մոտ ապագայում վերանայել ԵԱՏՄ բյուջեի բաշխումը: Ըստ էության, մենք, լինելով ավելի փոքր երկիր, արդեն հանդիսանում ենք բավականին խոշոր դոնոր և կարիք կա, որ մի քիչ ավելի արդար բաշխվածքի ճանապարհով գնանք», - ասաց Քերոբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը բավականին ակտիվացրել է սեփական ծրագրերը ԵԱՏՄ-ում, ավելի շատ նախաձեռնություններով է հանդես գալիս, փորձում իր դերը կառույցում ավելի ուժեղացնել:
«Հայաստանի դերը, հեղինակությունը բարձրանում է ԵԱՏՄ-ում, անզեն աչքով էլ նկատելի է: Բազմաթիվ հարցերում Հայաստանի առաջարկները որոշիչ են դառնում, շատերն են մեր առաջարկներին ականջալուր լինում: Մեր դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է», - ընդգծեց նախարարը:
Նա ասաց, թե աշխատանքներ են նաև տարվում, որ հայկական ընկերությունների արտադրանքներն ընդգրկվեն եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստրում: