03/11/2022 11:02
2022-ի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 41 միլիարդ դրամ, ԵԱՏՄ-ինը՝ 47 միլիարդ դրամ. Նախարար
2021 թվականին Հայաստանի տնտեսական իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալները կազմել են 204,8 միլիարդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներրդումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32,4 միլիարդ դրամ, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նույն ժամանակահատվածում, ըստ Քերոբյանի, օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 129,2 միլիարդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել 40,1 միլիարդ դրամ:
«2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 41 միլիարդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 47 միլիարդ դրամ», - նշեց նախարարը:
Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 76,5 միլիարդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել 57,5 միլիարդ դրամը:
Վահան Քերոբյանը խոսեց նաև Եվրասիական զարգացման բանկի հետ Հայաստանի հարաբերությունների մասին, ասաց՝ այս տարի բանկը մի քանի բավական խոշոր գործարքներ է կնքել Հայաստանում:
«Երեք գործարք է, ընդհանուր ծավալը մոտ 100 միլիոն դոլար է, որի մեջ կա մեկ խոշոր գյուղատնտեսական նախագիծ «Yeremyan projects»-ի հետ, վերականգնող էներգետիկայի խոշոր նախագիծ կա «Optimum eneregy»-ի հետ և «Տաշիր գրուպ»-ի հետ նախագիծ կա՝ արդյունաբերական ընկերությանը ֆինանսավորում հատկացնելու առումով», - մանրամասնեց նախարարը: