03/11/2022 10:47
ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է 74,1%-ով, Ռուսաստանի հետ՝ 71,7%-ով. Վահան Քերոբյան
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն այս տարվա առաջին 8 ամսում կազմել է 1.1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 2 անգամ, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022 թ առաջին 8 ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2.778 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 74.1 տոկոսով: Այն 2021 թ հունվար-օգոստոսին կազմել է մոտ 1.6 մլրդ դոլար: 2022 թ հունվար-օգոստոսին ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1.1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ: Իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը կազմել է 1.67 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 58.7 տոկոսով», - նշեց Քերոբյանը:
2022-ի առաջին 8 ամսում ՌԴ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 2.642 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 71.7 տոկոսով: Ընդ որում, արտահանումն աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը՝ 55.3 տոկոսով:
Առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս երկրների հետ նույնպես աճել է:
ՀՀ կառավարությունը, ըստ Քերոբյանի, աշխատանք է կատարել, որ Ռուսաստանից բացի, ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրաշրջանառությունը ևս խթանեն:
«ԵԱՏՄ կառուցվածքում բոլոր երկրների հարաբերությունների մեծ մասը կառուցված է եղել ՌԴ-ի հետ, և, կարծես, ՌԴ ու այլ երկիր հարաբերությունների է վերածվել: Մենք մեր առջև խնդիր ենք դրել ակտիվացնել հարաբերությունները ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ նույնպես, և ԵԱՏՄ-ն իր կառուցվածքով և առևտրաշրջանառությամբ դարձնել ավելի համաչափ», - ասաց Քերոբյանը:
Նրա գնահատմամբ՝ այս տարի արձանագրված փոփոխությունը ցույց է տալիս, որ այս ուղղությամբ կատարված աշխատանքը որոշակի արդյունք արդեն տվել է: