03/11/2022 20:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել Կուբայի տնտեսական շրջափակումը
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ վերացնել Կուբայի դեմ առևտրային, տնտեսական ու ֆինանսական շրջափակումը, հայտարարել է ՉԺԳ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին ներկայացված բանաձևի նախագիծը՝ Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի էմբարգոն չեղարկելու վերաբերյալ։
«Չինական կողմն ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ և ամբողջությամբ վերացնել Կուբայի տնտեսական, առևտրային ու ֆինանսական շրջափակումը՝ համապատասխան ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքների, ինչպես նաև առաջնորդվելով միջազգայիւն հարաբերությունների առանցքային կանոններով՝ նորմալ միջպետական հարաբերություններ զարգացնել ՄԱԿ-ի անդամ այլ պետությունների հետ»,- ասել է չինացի դիվանագետը։
Նշենք, որ ԱՄՆ-ն Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 1961 թվականին՝ ի պատասխան կղզի պետության կողմից ամերիկյան ունեցվածքի ազգայնացման։ 1962 թվականին Վաշինգտոնը Կուբայի նկատմամբ առևտրատնտեսական էմբարգո է հայտարարել, ինչի դեմ պայքարը պաշտոնական Հավանայի արտաքին քաղաքական գերակայություններից է։
1992 թվականից սկսած՝ Կուբան ամեն տարի ՄԱԿ ԳԱ-ին է ներկայացնում ԱՄՆ-ի էմբարգոն չեղարկելու անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը։ Միջազգային կազմակերպության անդամ երկրների ճնշող մեծամասնությունը մշտապես «կողմ» է քվեարկում փաստաթղթին։