03/11/2022 19:35
Վրաստանում կատարում են ԵՄ-ի պահանջները․ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ «կողմ» է քվեարկել «Օլիգարխների մասին» օրենքին
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օլիգարխների մասին» օրինագծին, որով սահմանվում է «օլիգարխ» հասկացությունն ու արգելվում է օլիգարխների ռեգիստրում գրանցված անձանց մասնակցել երկրի հասարակական-քաղաքական կյանքին։ Վրաստանի ԱԺ-ի համապատասխան նիստն ուղիղ եթերում հեռարձակվել է այդ երկրի օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում։
Ըստ օրինագծի՝ օլիգարխներ են համարվում այն անձինք, որոնք մասնակցություն ունեն երկրի քաղաքական կյանքում, նկատելի ազդեցություն ունեն ԶԼՄ-ների վրա կամ դրանց սեփականատերեր են, ինչպս նաև վերջին մեկ տարվա ընթացքում առաջատար դիրք են զբաղեցրել երկրի տնտեսության այս կամ այն ոլորտում։ Նման անձանց համար նախատեսվում է ստեղծել առանձին ռեգիստր, որից հետո արգելել նրանց կողմից քաղաքական կուսակցությունների, հանրահավաքների ֆինանսավորումը, մասնակցությունը սեփականաշնորհման գործընթացներին։
Փաստաթուղթը պետք է երկրորդ և երրորդ ընթերցումն անցնի խորհրդարանում։ «Օլիգարխների մասին» օրինագծի ընդունումը մեկն է այն 12 կետերից, որոնք ԵՄ-ն ներկայացրել է Վրաստանին՝ կառույցին անդամակցող երկրի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու համար։