03/11/2022 10:21
«Ժողովուրդ». Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով առերեսումների շարք է սկսվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով առերեսումների շարք է սկսվել: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների և այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ:
Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Դա է պատճառը, որ քննիչը Միքայել Արզումանյանին և գործով անցնող այլ անձանց նստեցրել է դեմ-դիմաց և կոնկրետ հարցադրումներ արել:
Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Ի դեպ, գրել էինք, որ մինչև նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատել էր տեղեկությունը: Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար»։