03/11/2022 14:33
Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր վերականգնման համար անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր. Պարույր Հովհաննիսյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար լրացուցիչ քայլերի անհրաժեշտություն է տեսնում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր հիշեցրեց , որ Հայաստանը ԵՄ անդամ երկրներից մեկի՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր, սակայն վերջերս Հունգարիայի միջնորդությամբ վերադարձվել են գերեվարված ՀՀ քաղաքացիներ: ՔՊ-ականը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է հարաբերությունների վերականգնում:
«Անցյալ տարի մենք տեսանք Հունգարիայի կողմից այդ քայլը, որի արդյունքում Հայաստան վերադարձվեց 5 գերի: Դրանից հետո տեսանք որոշ այլ քայլեր, օգնություն էր տրամադրվել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին, որպես օգնություն Հայաստանին տրամադրվել էին նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր», - ի պատասխան՝ ասաց Պարույր Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ վերջերս նաև Բուդապեշտում բացվել է հայկական կաթոլիկ վերանորոգված եկեղեցի, ներկա է եղել նաև հայ կաթոլիկոս պատրիարքը, որը հանդիպում է ունեցել Հունգարիայի նախագահի հետ:
«Այսինքն՝ այդ ուղղությամբ տեսնում ենք որոշակի քայլեր: Իհարկե, ինչպես և հայտնել էինք նախկինում, մենք պատրաստ ենք այդ իրավիճակին նույնպես տալ համապատասխան լուծում: Անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր: Կարծում եմ՝ այնտեղ զգուշավոր օպտիմիզմի տեղ կա», - ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում 2004 թվականի փետրվարի 19-ին քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնել էր Ադրբեջանին:
2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին: