04/11/2022 17:20
Ակցելերացիա. Երևույթի տարածումը ժամանակակից աշխարհում
Ակցելերացիան նախորդ սերունդների համեմատ երեխաների և դեռահասների աճման և սեռական հատկանիշների առաջացման արագացումն է։ Այն առավել լայն տարածում ունի տնտեսապես զարգացած երկրներում։
Երեխաների մոտ այս երևույթը ավելի ցայտուն է դրսևորվել 20-րդ դ. 2-րդ կեսին։
Դեռահասների մոտ այն դիտվում է ավելի շուտ տեղի ունեցող ձևաբանական կայունացում։ Տղաների ոսկրացման գործընթացը 2, իսկ աղջիկներինը` 3 տարի շուտ է ավարտվում, քան 20 րդ դ. 30-ական թթ.։ Սեղմ ժամկետներում է ավարտվում նաև հասակի աճը. աղջիկների մոտ երկար խողովակավոր ոսկրերի ոսկրացումն ավարտվում է 16-17, պատանիների մոտ՝ 18-19 տարեկանում։
Արագացված զարգացման ակնհայտ և անմիջական արդյունք են երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման բավականին բարձր ցուցանիշները։
Ակցելերացիայի հիմնական պատճառը երեխաների սնունդն է՝ հագեցած կենդանական սպիտակուցներով և ճարպերով, վիտամիններով և այլն։ Համաձայն մեկ այլ տեսակետի՝ ակցելերացիան արևի շատ ինտենսիվ ճառագաթման արդյունք է, որին ենթարկվում են ժամանակակից երեխաները։
Քաղաքակենտրոնացման վարկածի կողմնակիցները ենթադրում են, որ ժամանակակից արագընթաց քաղաքային կյանքը գրգռում է կենտրոնական նյարդային համակարգը և ակտիվացնում նրա խթանող ֆունկցիան։ Ակցելարացիա երևույթը պետք է լինի ոչ միայն կենսաբանների ու բժիշկների, այլ նաև հոգեբանների ու սոցիոլոգների ուսումնասիրության տիրույթում։
Ժամանակակից իրականության մեջ երիտասարդների կենսաբանական և սոցիալական հասունության որոշակի խզում է տեղի ունենում, նրանք սոցիալապես ավելի վաղ են զարգանում։
Ակցելերացիան ուսումնասիրության ենթակա մի շարք հարցադրումներ է դրել գործնական և տեսական բժշկության առջև։ Մասնավորապես անհրաժեշտություն է առաջացել սահմանել աշխատանքային և ֆիզիկական լարվածության, սննդի և այլ չափանիշներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։