04/11/2022 13:01
Հայաստանում գնաճային ֆոնը կշարունակվի. Սոցապնախարար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը համաձայն է, որ Հայաստանում կա գնաճային ֆոն:
«Այդ գնաճային ֆոնը կշարունակվի, 2023 թվականի երկրոդ եռամսյակից կսկսի իջնել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը:
Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով երկրում առկա հարկային ավել հավաքումները՝ որոշում կայացվեց թոշակի բարձրացումը բերել առաջ:
«Հայտարարել ենք, որ վեց հազար դրամով ենք բարձրացնում, առաջին երեք հազար դրամ բարձրացումն իրականցրել ենք սեպտեմբերին», - նշեց նա:
Նախարարն ընդգծեց՝ պետք է ընդունել, որ գնաճային ֆոնը հայկական ֆենոմեն չէ: Այսօր, ըստ նրա, գերզարգացած երկրներն իրենց պատմության աննախադեպ գնաճային ֆոնն են ապրում:
«Մենք քարանձավում չենք գտնվում, գտնվում ենք համաշխարհային միջազգային համակարգում, որտեղ ցանկացած իրողություն, ցանկացած շարժում անդրադառնում է նաև Հայաստանի վրա: Եթե կառավարությունը չաներ որևիցե քայլ, եթե կառավարությունը բարձրացումների չգնար, այդ դեպքում, օրինակ, աղքատությունը 55-ից տոկոսից բարձր կլիներ»,- ընդգծեց սոցապնախարարը: