04/11/2022 19:35
«Ոչ մի ազգ ու ժողովուրդ մյուսից առավել չէ»․ ՖԻՖԱ-ն կոչ է արել ֆուտբոլը չներքաշել քաղաքականության մեջ
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան (ՖԻՖԱ)-ն Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ կոչ է արել ֆուտբոլը չներքաշել քաղաքականության մեջ, տեղեկացրել է բրիտանական Sky Sports հեռուստաալիքը՝ հրապարակելով ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի և կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆաթմա Սամուրայի նամակն՝ ուղղված առաջնության մասնակիցներին։
«Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հարգում է բոլորի կարծիքներն ու համոզմունքները՝ բարոյական դասեր չտալով աշխարհին և հույս է հայտնում, որ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցները կհետևեն այս օրինակին և ֆուտբոլը չեն ներքաշի գաղափարախոսական ու քաղաքական վիճաբանությունների մեջ։ ․․․ Եկեք կենտրոնանք ֆուտբոլի վրա։ Մենք գիտակցում ենք, որ խաղը վակուումում չի գտնվում, գիտակցում ենք նաև, որ ամբողջ աշխարհում բազմաթիվ մարտահրավերներ ու քաղաքական խնդիրներ կան, բայց հորդորում ենք թուլ չտալ ֆուտբոլը ներքաշել գոյություն ունեցող գաղափարախոսական կամ քաղաքական պայքարի մեջ»,- նշված է նամակում։
ՖԻՖԱ-ի ղեկավարները կոչ են արել նաև հարգել աշխարհում առկա բազմազանությունն ու հիշել, որ ոչ մի ժողովուրդ, ազգ կամ մշակույթ մյուսից «առավել չէ»։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի գործադիր կոմիտեն դիմել էր ՖԻՖԱ-ին՝ առաջարկելով դիտարկել Իրանի հավաքականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության մասնակցությունն արգելելու հարցը՝ պատճառաբանելով, թե Իրանում «պարբերաբար խախտվում են մարդու իրավունքները», նաև չբացառելով «Իրանի հավանական մասնակցությունը» Ուկրինայում հատուկ ռազմական գործողությանը։
Նշենք նաև, որ փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը, պայմանավորված Ուկրաինայում տիրող իրավիճակով, կասեցրել են ռուսական ակումբների և հավաքականների մասնակցությունը իրենց կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարերին՝ մինչև հետագա ծանուցումը։