04/11/2022 10:54
Տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագրին 2023-ի պետբյուջեից կհատկացվի 2 միլիարդ դրամ
Հայաստանում 2023 թվականին պետական բյուջեով նախատեսվում է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրին ուղղել 2 միլիարդ դրամ, 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«2023 թվականին նախատեսվում է իրականացնել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր միջոցառումը, որը հնարավորություն կտա Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն, ինչի համար 2023 թվականի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ», - նշեց նախարարը:
Նա հիշեցրեց, որ 2022-ի հոկտեմբերին կառավարությունը լավարկել էր գործող որոշումը, ըստ որի՝ եթե տեղահանված ընտանիքն անշարժ գույք ձեռք բերի կամ կառուցի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղական բնակավայրում, ապա կստանա լրացուցիչ աջակցություն: Մասնավորապես, ձեռքբերման դեպքում կտրամադրվի հանրագումարային մինչև 14 մլն դրամ, իսկ կառուցապատման դեպքում՝ հանրագումարային մինչև 16 մլն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար, տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 13 տոկոս:
Կատարված փոփոխությունների արդյունքում կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող կամ կառուցվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը: