04/11/2022 11:23
Հայաստանում 2023-ի հուլիսից պլանավորվում է բարձրացնել կենսաթոշակները. հաշվարկային նվազագույն դրույք կսահմանվի 36 հազար դրամը
2023 թվականի հուլիսից պլանավորվում է բարձրացնել կենսաթոշակները, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Հաշվարկային նվազագույն դրույք կսահմանվի 36 հազար դրամը՝ ներկայիս 31 հազար 600 դրամի փոխարեն:
«Նախատեսում ենք կենսաթոշակային քաղաքականության ռեֆորմի շրջանակներում ներդնել նոր գաղափար, ըստ որի՝ կենսաթոշակային տարիք մուտք գոծող այն քաղաքացիները, ովքեր ունեն կայուն բավարար եկամուտ կամ կենսապահովություն, կամավորության սկզբունքով կկարողանան մեկ-երկու կամ ավելի տարի ժամկետով կենսաթոշակ չստանալու դիմաց հետագայում ցմահ ստանան ավելի բարձր կենսաթոշակ, քան նախատեսված է օրենքով յուրաքանչյուր տարվա դիմաց որոշակի տոկոսային հավելման դիմաց սկզբունքով», - ասաց նախարարը:
Սա, ըստ Մկրտչյանի, հնարավորություն կտա միջինից բարձր աշխատավարձ ստացող կենսաթոշակառուներին պլանավորել իրենց ծերությունն ավելի բարենպաստ պայմաններով:
«Ներկայումս շուրջ 32 հազար կենսաթոշակառու ստանում է ամսական 150 հազար դրամից բարձր աշխատավարձ, ավելի քան 9 հազար կենսաթոշակառու ամսական ստանում է 300 հազար դրամից բարձր աշխատավարձ»,- մանրամասնեց սոցապնախարարը:
2023-ին կշարունակվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը:
Սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ 1 միլիարդ 400 միլիոն անկանխիկ շրջանառություն է եղել, որից 1 միլիարդ 200 միլիոնը վերադարձվող է:
«Մի քանի բանկերից տրված տվյալներով՝ այս ամիս կունենանք աճ, կարծում եմ՝ 25-30 տոկոսից ավելի»,- ասաց Մկրտչյանը: