04/11/2022 10:19
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում է բանակցությունների և Ացախյան հակամարտության թեման
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում է Արցախյան հակամարտության թեման: Օրինակ՝ նոյեմբերի 2-ին նա խորհրդարանում խոսեց Արցախի կարգավիճակի մասին և նշեց, թե այդ բառը փորձել է մի կողմ դնել:
«Համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ հիմա չարժե գնալ և փորձել լուծել այդ թեման, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի, և այստեղ է, որ ուրախ եմ. ես կարող եմ հիմա սա ասել: Հաջորդ խնդիրը, որի մասին հրապարակային ասել էի և հետահայաց եմ ուզում ասել՝ մենք նաև առաջարկեցինք, որ հենց Սոչիում՝ տեղում որոշում կայացվի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղապահների մանդատը երկարացնել անորոշ ժամանակով՝ 20 տարով, 15 տարով, 5 տարով և այլն», - նշել է նա՝ հավելելով, որ այդ առաջարկը չընդունվեց, բայց հարցը դարձավ օրակարգային:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նշում է, թե ինքը չի խոսում Արցախի կարգավիճակից, որովհետև ռուս գործընկերներն են առաջարկել ԼՂ կարգավիճակի թեման հետաձգել անորոշ ժամանակով, սակայն 2022 թվականի ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց. «Միջազգային հանրությունն առաջարկում է մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»: Նախ նկատենք՝ այստեղ որևէ խոսք չկար ռուսական կողմի մասին, մյուս կողմից էլ, երբ նա խոսում էր նշաձողն իջեցնելու մասին, չէր ասում, որ այն պատրաստվում են քննարկել ավելի ուշ:
Ստացվում է՝ նա հերթական անգամ մանիպուլացնում է բանակցությունների և Ացախյան հակամարտության թեման ևս»։