05/11/2022 17:13
«Պետք է ունենանք ազգային իշխանություն, նոր բանակցող»․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց նոր իշխանության գործունեության ուղղությունները (Տեսանյութ)
Կապիտուլյացիան կարող ենք կանխել միայն ազգային համերաշխության դրոշով, համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով, որպես դրա կարևոր հանգրվան՝ ագգային իշխանություն ձևավորելով, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց նաև ազգային իշխանության անելիքները։
«Առաջինը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, համահայկական զորաշարժի իրականացում։
Երկրորդը՝ պաշտպանության և անվտանգության հրատապ խնդիրների լուծում։
Երրորդը՝ կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում»,- թվարկեց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով՝ նշված երեք ուղղություններով հետևողական, ամենօրյա քրտնաջան աշխատանք է իրականացվելու նոր իշխանության կողմից՝ կազմված կարող, բանիմաց, նվիրված ազգային գործիչներից։
«Ուժեղ Հայաստան ունենալու համար մենք պետք է ունենանք ազգային իշխանություն, նոր բանակցող, նոր որակի իշխանություն»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։