05/11/2022 14:42
Կստեղծվեն զինծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստվածությունը բարձրացնող բոլոր նախադրյալները, ձեռք կբերվեն արդի պահանջներին համահունչ հետախուզական միջոցներ․ Պապիկյան
Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը, ծաղիկներ ենք խոնարհել 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։
Ողջունելով և շնորհավորելով հետախույզներին, բարձր եմ գնահատել հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը 30-ամյա բանակի անցած ճանապարհին։
Վստահեցրել եմ, որ առաջիկայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները և պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն բարձրացնելու զինծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստվածությունը, ձեռք կբերվեն նոր, արդի պահանջներին համահունչ հետախուզական միջոցներ։
Հայտարարեցի նաև նոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում առաջինը հենց հատուկ նշանակության զորքերի զինծառայողները կմասնակցեն ատեստավորման գործընթացին. արդյունքում շեշտակիորեն կբարձրանա նրանց աշխատավարձը։
Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։ Հետմահու պարգևներ եմ հանձնել զոհված զինծառայողների հարազատներին», - գրել է նախարարը։