05/11/2022 15:44
Հավատում եմ, որ եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին և ծածանվելու է Շուշիում ու Հադրութում. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)
Ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ մեր կյանքի ամենաորոշակի երևույթն անորոշությունն է, երբ դրսից մեզ հետ խոսում են սպառնալիքի և ծաղրի լեզվով, իսկ ներսից տագնապի, հուսահատության և վախի լեզվով, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Մենք պիտի գործենք, գործենք առանց հոգնելու և ամենուր, առանց թշնամության և ատելության, առանց գաղափարական և քաղաքական տարբերությունների, առանց վախի, կասկածի, առանց ակնկալելու այս կամ այն ուժային կենտրոնների բարեհաճությունը, խեղճին և թշվառին հատուկ օգնությունը, այլ գործենք որպես մոռացված ազգ, ինչպես դիպուկ բնորոշել են մեզ Ցեղասպանության օրերին և դրանից հետո. մեր հույսը մեր Աստծո, մեր սեփական ներուժի և մեր բազկի վրա, ոչ թե մուրացիկ հարաբերությամբ աշխարհի հետ, այլ սեփական օրակարգով, արժանապատիվ կեցվածքով», - հայտարարեց սրբազանը։
Նա նշեց, թե պետք է հրաժարվել ոչ թե բարեկամներ ունենալուց, այլ պետք է հրաժարվել հույսը միայն բարեկամների վրա դնելուց։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե որքան էլ խոցված, բայց Արցախն իրավունք ունի իրավունք ունենալու, որովհետև մեր երկրում ջրերից ավելի արյուն է ոռոգել։
«Այդ իրավունքն անբեկանելի է։ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում։ Հավատում եմ, որ հայոց եռագույնը պիտի վերստին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի և Հադրութի բարձունքներում»։
«Ես հավատում եմ, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին, իրական Հայաստանը հաղթելու է կեղծ և ֆեյսբուքյան Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին, ոգին հաղթելու է դուխին, հաշտությունն ու սերը հաղթելու են ատելությանը և թշնամանքին, և եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին», - հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17