05/11/2022 10:16
«Ժողովուրդ». Ինչու է դադարեցվում ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծմամբ պայմանավորված։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում։ Հաջորդ տարվա հունվարի 1-ից դադարեցվելու է ՀՀ կառավարության՝ 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի տրամադրումը, փոխանակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետությունը մտադիր է ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրմանը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ներդնել կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի կառավարման խորհուրդ։ Անգամ ընտրվել են միջազգային խորհրդատուներ, որոնք արդեն իսկ սկսել են ուսումնասիրությունները, և առաջիկայում ՀՀ կարիքներին համահունչ առաջարկություններ կներկայացնեն։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչև այս տարեվերջ կներդրվեն «խելացի» և «շարժական կապի» էլեկտրոնային նույնականացման համակարգերը, որոնք ոչ միայն գործող էլեկտրոնային քարտեր ունեցող անձանց համար, այլ նաև մինչև նոր համակարգի ներդրումը էլեկտրոնային ստորագրության ծառայության կարիք ունեցող անձանց համար կապահովեն հարմարավետ ծառայություն»։