05/11/2022 09:53
«Ժողովուրդ». Համբարձում Մաթևոսյանի գլխին սև ամպեր են կուտակված, ու կառավարությունը մտադիր է հրաժեշտ տալ նրան
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական համագումարի ժամանակ, երբ ՔՊ-ականները քվեարկությամբ վարչության անդամներ են ընտրել, կուսակցության ներսում ներքին հրահանգ է եղել անել հնարավորը, որ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը վարչության կազմում չընդգրկվի, և հակառակը՝ ամեն ինչ անել, որ ՔՊ վարչության անդամությունում իր պատվավոր տեղը Համբարձում Մաթևոսյանն ունենա:
«ՔՊ-ական «լիդերների» հրահանգները տեղ հասել են, բայց, փաստորեն, խայտառակ ձևով կազմակերպված, վատ հաշվարկված ընտրության վերահաշվարկից հետո պարզ է դարձել՝ Մաթևոսյանին վարչության անդամություն ընգրկողները վատ են աշխատել: Այս պատմությունն իրականում մեծ աղմուկ է առաջացրել, ավելին՝ կուսակցության ներսում «մենամարտեր» են սկսվել: Չի բացառվում, որ առաջիկայում ՔՊ-ականներն այս թեմայի վերաբերյալ Փաշինյանի հետ քննարկում ունենան, ինչ-որ մարդկանցից հաշիվ պահանջեն», - «Ժողովուրդ» օրաթերթին ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ՔՊ-ի՝ խայտառակ կերպով ձևավորված վարչության կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, ու վերահաշվարկից հետո Մաթևոսյանն ու Կոնջորյանը վարչության անդամությունից դուրս են մնացել: Տեղեկությունն արդեն երեկ հենց իրենք՝ ՔՊ-ականները հաստատեցին: Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Մաթևոսյանի գլխին իրականում սև ամպեր են կուտակված, ու կառավարությունը մտադիր է հրաժեշտ տալ նրան: Չի բացառվում՝ Փաշինյանն առաջիկայում նրան հրաժարական տալու դիմում գրել տա:
Տեղեկության մասով, իհարկե, մենք փորձեցինք նաև պարոն փոխվարչապետի տեսակետը լսել, բայց նրա աշխատակազմից որևէ մեկի հեռախոսահամարը մեր բազմաթիվ զանգերին այդպես էլ չարձագանքեց: Հետաքրքիր է, թե Մաթևոսյանի աշխատակազմն ինչով է զբաղված, երբ տարրական հեռախոսազանգերին անգամ չի պատասխանում»։