07/11/2022 16:57
Տեղեկություններ ունենք, որ «մասկի շոու» տարբերակով կբռնեն Արմեն Աշոտյանին. Փաստաբան (Sputnik Armenia)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության ծանուցագիր չի ուղարկվել և նրա նկատմամբ այս պահին գործողություններ չեն կատարվում։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին տեղեկացրել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Աշոտյանի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացներին։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` օրերս Բժշկական համալսարանի համար գույքի ձեռքբերման ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով ձերբակալվել էր բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակել։ Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։
«Տեղեկություններ ունենք, որ վաղը կամ մյուս օրն իրենց կողմից սիրված «մասկի շոու» տարբերակով կբռնեն Արմեն Աշոտյանին»,–ասել է փաստաբանը։
Աթանեսյանը,ներկայացնելով գործի մանրամասները, նշել է, որ խոսքը իբրև Արմեն Աշոտյանի հորդորով Բժշկական համալսարանի համար անարդյունավետ գույք ձեռք բերելու մասին է։
«Կարճ ասեմ` ծիծաղելի է գտնել մի տեղ գույքի վատնում, մեղսագրել մարդուն վատնման համար, երբ այդ գումարի դիմաց ձեռք է բերվել անշարժ գույքը, որը կա և որը հիմա ավելի թանկ է, քան ձեռքբերման ժամանակ։ Նման վատնում իրավաբանական գիտություն մեջ գոյություն չունի»,–ասել է Աթանեսյանը։
Այս գործը, նրա խոսքով, 2018 թվականից սկսած քննվում է։ Քննվել է և՛ ԱԱԾ-ում և ՀՔԾ–ում, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեում, և հասել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս ընթացքում Արմեն Աշոտյանը երկու անգամ հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով։
Փաստաբանը նաև հայտնել է, որ գործով անցնում են Բժշկական համալսարանի նախկին ռեկտորը և ԵՊԲՀ այն ժամանակվա արհմիության նախագահը։ Նրա տեղեկություններով` այս պահին ձերբակալվածներ չկան։