07/11/2022 13:38
Գեղարքունիքում ԵՄ դիտորդներն արձանագրել են ու վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ ու կան օկուպացված տարածքներ. Մարզպետ (Տեսանյութ)
Գեղարքունիքում սահմանին խախտումներ արձանագրվել են, բայց վերջին օրերին ակնհայտ նվազել են դրանք, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Ամեն դեպքում, դիտորդներն իրենց պարեկային գործունեությունն են իրականացնում, ինչը ևս ազդեցություն է թողել, որ հակառակորդի կողմից նվազել են մեր ուղղությամբ կրակոցները», - նշեց նա։
Մարզպետի խոսքով՝ ԵՄ դիտորդները Գեղարքունիքում ունեն մեկ շտաբ, բայց 11 բնակավայրի երկայնքով են իրականացնում աշխատանքը։
«Կոնկրետ տեղի մասին իրավունք չկա բարձրաձայնելու, բայց ամեն օր դիտարկում են իրականացնում, ամեն օր նոր բացահայտումներ են անում, մարզպետարանն ամբողջ իր ունեցած ինֆորմացիան փոխանցել է գործընկերներին, իրենք էլ վստահեցրել են, որ դա որպես զեկույց կներկայացնեն», - ասաց Սարգսյանը։
Մարզպետը նշեց, թե դիտորդների շարքում արդեն կան մարդիկ, ովքեր արձանագրել են ու վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ։
«Քարտեզների ու ներկա պահին ադրբեջանական զորքերի գտնվելու հետ կապված իրենք վստահ են, որ Հայաստանից օկուպացված տարածքներ ունենք ու վստահ են, որ դա ադրբեջանական ագրեսիայի արդյունքում է եղել», - ընդգծեց նա։
Գեղարքունիքում ութ դիտորդ է առաքելություն իրականացնում, շտաբը գտնվում է Մարտունի քաղաքում։