07/11/2022 16:26
Ադրբեջանաթուրքական հայախոս քարոզչամեքենայի դեմ պայքարելու համար քրեական հետապնդման ենթարկվելն ինձ համար ավելի քան պատվաբեր է․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ հրավիրվել է հարցաքննության՝ «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ «բռնությունն արդարացնելու» համար․
«Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ իրեն իրավաբան համարող Տիգրան Եգորյանի «դանոսի» հիման վրա այսօր կեսօրին հրավիրվել էի Կենտրոնի քննչական՝ հարցաքննության։ Հրավիրվել էի վկայի կարգավիճակով, սակայն քննիչն ինձ հարցաքննեց որպես «փաստացի կասկածվող»՝ մեղադրյալի իրավունքներով (ի դեպ, շատ ճիշտ արեց):
Ինձ փաստացի կասկածում են ադրբեջանաթուրքական քարոզչության բացահայտ առաջամարտիկ, «Անտարեսի» տնօրեն, Նիկոլի հրատարակիչ, բազմամիլիոն պետական ֆինանսավորման շահառու Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ «բռնությունն արդարացնելու» համար՝ վերջերս սորոսականների ներմուծած լիբերալ-ֆաշիստական հոդվածով։
Ցուցմունքիս մեջ բառացի նշել եմ. «Տալիս եմ իմ լիակատար համաձայնությունը նշված արարքի համար քրեական հետապնդման ենթարկվելու համար, որպեսզի ի ցույց դնեմ նշված անձի (իրեն իրավաբան համարողի) պնդումների սնանկությունը»։
Ու առհասարակ՝ ադրբեջանաթուրքական հայախոս քարոզչամեքենայի դեմ պայքարելու համար քրեական հետապնդման ենթարկվելն ինձ համար ավելի քան պատվաբեր է։
Միակ մտավախությունս այն է, որ հանկարծ վարույթը իմ մասով չկարճեն»,- սոցցանցի իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։