07/11/2022 13:18
Ջերմուկի բնականոն կյանքը փուլ առ փուլ վերականգնվում է, տուրիստական հոսքը, սակայն, նվազել է. Մարզպետ
Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորից հազարավոր մարդիկ են տեղափոխվել հարակից մարզերի տարածքներ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
«Այդ ընթացքում Ջերմուկում հանգստանում էին բավականին մեծ թվով տուրիստներ, որոնք իջեցվել են ապաստարաններ, որ իրենց կյանքը վտանգի տակ չդնենք, այնուհետև, տուրիստների ստվար զանգված լքել է Ջերմուկ քաղաքը», - նշեց նա։
Վերջին տվյալներով՝ Ջերմուկ քաղաքի բնականոն կյանքը փուլ առ փուլ վերականգնվում է. տուրիստական հոսքը, սակայն, նվազել է։
«Հարաբերական գոհացուցիչ է իրավիճակը, հանգստացողներ կան, ճիշտ է, այն ծավալը, որն ունեինք ու պետք է ունենայինք մինչև տարվա վերջ, չունենք։ Հիմա մոտ 40 տոկոս ծանրաբեռնվածություն կա, բնականոն կյանքը վերականգնվում է», - ասաց Գրիգորյանը։
Տեղահանվածների մեծ մասը վերադարձել է մարզ. 15-20 տոկոսն է, որ հետ չի եկել։
«Դա եղել է փուլային, դպրոցներն ամբողջ ծավալով աշխատում են, մանկապարտեզները գործում են, լրացուցիչ պետական ծրագրերն օգնեցին, որ մենք հնարավորություն ունենանք բնականոն կյանքը շուտ վերականգնել», - ասաց Արարատ Գրիգորյանը։