07/11/2022 11:55
Չեմ կարծում, որ 2023թ․ կսկսեն կառուցել մետրոյի Աջափնյակի կայարանը. Քաղաքապետ
Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելու աշխատանքները նախագծման փուլում են, վերջնական փուլը պատրաստ կլինի 2023 թ. հունիս-հուլիս ամիսներին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Դրանից հետո արդեն պետք է մրցույթ հայտարարվի մետրոյի կայարանի կառուցման համար։ Չեմ կարծում, որ 2023 թվականից կսկսեն կառուցել կայարանը, կհասկանանք, թե ինչ ֆինանսական միջոցներով է կառուցումը լինելու, միջազգային կազմակերպությունների՞ց ենք վերցնելու, թե՞ սեփական միջոցներով ենք իրականացնելու», - ասաց քաղաքապետը։
Նա նշեց, թե այնուամենայնիվ, միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցներով կիրականացվի, քանի որ էներգախնայողության բաղադրիչներ կան ծրագրում և այդտեղ հնարավոր կլինի դրամաշնորհներ ներգրավել։
Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Երևան համայնքի բյուջեի միջոցներից 800 մլն դրամ է հատկացվել, որպեսզի նախագծման աշխատանքները սկսեն.
«2023 թվականի բյուջեով արդեն 1 մլրդ 100 մլն դրամի շրջանակներում նախատեսված է, որպեսզի նախագծման աշխատանքների համար գումարը վճարենք»։