07/11/2022 17:20
Արցախի ԱԺ-ում քննարկել են գազի սակագնի սուբսիդավորման հարցը․ Կարծիքները տարբեր են եղել
Նոյեմբերի 7-ին Արցախի Հանրապետության ԱԺ մեծ դահլիճում կազմակերպվել է քննարկում ՝ գազի սակագնի սուբսիդավորման թեմայով:
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը հրավիրվել էին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Խորհրդարանի նախանցյալ նիստի ժամանակ, երբ քննարկվել էր էլեկտրաէներգիայի սուբսիդավորման հարցը, խորհրդարանականներն առաջարկել էին սուբսիդավորել նաև գազի սակագինը: Առաջարկի վերաբերյալ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի կարծիքը բացասական էր: Հիմնավորելով այն՝ նախարարը նախ որոշ տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մարտը գազի սուբսիդավորման վրա պետությունը ծախսել է 3,5 մլրդ դրամ, այնինչ այդ գումարները կարելի էր ծախսել ենթակառուցվածքների զարգացման վրա:
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ով սուբսիդավորման կողմնակից է, շեշտել է հետպատերազմյան շրջանում նման աջակցության կարևորությունը:
«Օդ ու ջրի պես անհրաժեշտ է այս սուբսիդավորումը: Պատգամավորների դերակատարությունը նման առաջարկներով հանդես գալն է, կառավարության գործառույթն էլ միջոցներ գտնելն է»,-ասել է նա՝ ընդգծելով ևս մի կարևոր հանգամանք: «Եթե գազը թանկ է նստում, մարդիկ շատ են էլեկտրաէներգիա օգտագործում, արդյոք էներգոհամակարգը դիմակայելո՞ւ է նման ճնշմանը»,-ասել է նա:
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը, ներկայացնելով քննարկման նպատակը, ասել է, որ կառավարությանը հակադրվելու մտադրություն չկա:
«Որքան հնարավոր է բարենպաստ պայմաններ ստեղծել բնակչության համար՝ սա է օրակարգում», -ասել է գլխադասային հանձնաժողովի նախագահը: Սակայն, ըստ նրա, սխալ է, որ ծրագիրը համահավասար գործի բոլոր խավերի համար:
«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այդ ենթատեքստում հիշեցրել է ընտանիքների կարիքների գնահատման ծրագրի բացակայության մասին:
«Ժամանակին դրա վերաբերյալ մեր առաջարկը չընդունվեց, հակառակ պարագայում պարզ կլիներ՝ ով է ծրագրի իրական շահառուն», - ասել է նա՝ հավելելով, որ դա նաև քաղաքական հարց է:
Վերջին միտքն իրենց ելույթներում ընդգծել են նաև «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ու ԱԺԿ խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը: «Թող տպավորություն չստեղծվի, որ պոպուլիզմով ենք զբաղված: Հարցը քաղաքական տիրույթում է, խոսքը պետական քաղաքականության մասին է, մշակենք համատեղ ռազմավարություն ու առաջնորդվենք դրանով»,-ասել է Մելքումյանը:
«Միասնական հայրենիք» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը:
«Հավասարության նշան է դրվում աղքատների և ունևորների միջև, անընդունելի է նման մոտեցումը: Ծրագիրը պետք է հասցեական լինի»,-ասել է նա:
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Գրիգորյանը հիշեցրել է, որ կարիքների գնահատման ծրագիրն սկսվել է, սակայն ավարտին չի հասցվել ու սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը նաև այդ նպատակով էր:
ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, թե ինչ արձագանք կգտնի չսուբսիդավորելը:
Ամփոփելով քննարկումը՝ Վլադիմիր Կասյանն առաջարկել է կյանքի կոչել գազի սուբսիդավորման ծրագիրը՝ կիրառելով հին մեխանիզմը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17