07/11/2022 10:43
ՀՀ վիճակագրական կոմիտեն հաջորդ տարի պլանավորում է անցկացնել «գյուղատնտեսական մարդահամար». Վահան Քերոբյան
Հայաստանում զբաղվածների շուրջ 22 տոկոսն ընդգրկված է գյուղատնտեսությունում, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականին նախատեսվում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացնել մինչև 1,2 տրիլիոն դրամ, նախորդ տարի այն կազմել էր 933 միլիարդ դրամ։
Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով՝ պլանն է այն հասցնել 1,4 տրիլիոն դրամի։
Նախարարը նշեց, որ ագրոպարենային ապրանքների արտահաման ծավալը 2022 թվականի ինն ամիսների տվյալներով կազմել է 879 միլիոն դոլար, որը գերազանցում է գյուղատնտեսության ռազմավարության մեջ 2028 թվականին պլանավորած ցուցանիշը։
Վահան Քերոբյանը հայտարարեց, թե ՀՀ վիճակագրական կոմիտեն հաջորդ տարի պլանավորում է անցկացնել «գյուղատնտեսական մարդահամար», որի ընթացքում պետք է ճշգրտվեն գյուղացիական տնտեսությունների քանակը, ունեցվածքը, ընդհանուր գյուղատնտեսական իրավիճակը։
«2023 թվականի պետական բյուջեով գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել 6 ծրագիր՝ 36 միջոցառումով, ընդհանուր՝ 37,9 միլիարդ դրամ գումարով, այդ թվում՝ նաև արտաքին աղբյուրներից ստացվող վարկային ու դրամաշնորհային միջոցներով երեք ծրագիր՝ ութ միջոցառումով՝ 2,4 միլիարդ դրամ գումարով», - ասաց Քերոբյանը։