08/11/2022 18:00
Երեխայի մտահաղացումը` նոր բիզնես գաղափար. «Amatuni style» հագուստի հայկական բրենդ
Օրեցօր ընդլայնվող հայկական արտադրանքն իր հետ նոր շունչ և որակ է բերում՝ լրացնելով շուկայում առկա պահնաջարկը։ Aysor.am-ը, գնալով հայկական արտադրանքի հետքերով, բացահայտել է «Amatuni style» հագուստի բրենդը, որի հիմնադիր Հասմիկ Ամատունին ներկայացրեց բրենդի ստեղծման հետաքրքիր պատմությունը:
«Դեռ մանկուց երազել եմ դառնալ մոդելավորող, վաղ տարիքից մշակել եմ շատ էսքիզներ, սակայն մասնագիտության ընտրության հարցում հաղթեց երաժշտությունը: Բիզնես սկսելու գաղափարն առաջացել է տղայիս մոտ՝ 2020 թվականին, երբ Քովիդով պայմանավորված բոլորս տանն էինք։ 12 տարեկան տղաս որոշում կայացրեց ստեղծել իր սեփական բրենդը՝ շապիկների վրա տպագրություն կատարելով։
Ես մեծ ոգևորությամբ ընդունեցի գաղափարը և սկսեցինք աշխատել լոգոյի ստեղծման վրա։ Սակայն երբ Քովիդը շարունակվեց, այն տպարանը, որի հետ տղաս համագործակցում էր, ևս փակվեց։ Մենք կանգ չառանք և շարունակեցինք աշխատանքը՝ մայրիկիս հետ կարելով զգեստներ և վերարկուներ։ Առաջարկ ստացանք մեր հագուստը ցուցադրել Ազգային մոլում և ունեցանք հաջողություն։ Հագուստի արտադրության աշխատանքներին միացավ քույրիկս և այժմ մենք միասին զարգացնում ենք մեր փոքրիկ բիզնեսը», - ասաց բրենդի հիմնադիրը։
Հասմիկ Ամատունու խոսքով, սկզբում եղան մի շարք խնդիրներ՝ կապված Քովիդի, այնուհետև պատերազմի հետ:
«Չկար տրամադրություն, մոտիվացիա, սակայն, ունենալով մեկ նպատակ՝ ստեղծել մերը, զարգացնել մեր երկիրը, ուժ գտանք և որոշեցինք հասնել մեր առջև դրված նպատակին», - ասաց նա։
«Amatuni style» հայկական արտադրանքի տեսականին բազմազան է՝ շապիկներ, տաբատներ, զգեստներ, հուդիներ, վերարկուներ և այլն՝ նախատեսված ինչպես կանանց, այնպես էլ երեխաների համար։
Բրենդի գնային քաղաքականությունը նույնպես ճկուն է, քանի որ հիմնական նպատակներից մեկն էլ` այն բոլորի համար հասանելի դարձնելն էր։
«Amatuni style» բրենդի տեսականուն ծանոթանալու համար կարող եք այցելել ֆեյսբուքյան (Amatuni Style) և ինստագրամյան (amatuni_style) հարթակներ։ Գործում է նաև առաքման ծառայություն. Հարցերի և պատվերների համար կարող եք զանգահարել 091 37 14 41 հեռախոսահամարին։
Բրենդի հիմնադիր Հասմիկ Ամատունին նշեց, որ ապրանքանիշն առանձնանում է իր նորովի և յուրահատուկ մոտեցմամբ. «Ամեն անգամ նոր մոդել ստեղծելիս, փորձում եմ որևէ յուրահատուկ և տարբերվող դետալ ավելացնել, և քանի որ մեր արտադրած հագուստները հիմնականում մեկ օրինակից են՝ընդգծելու յուրաքանչյուրի ոճն առանձին, դրանում էլ հենց կայանում է բրենդի յուրահատկությունը»։
Զրույցի վերջում Հասմիկ Ամատունին սկսնակ բիզնեսմեններին խորհուրդ տվեց սիրել այն աշխատանքը, ինչով զբաղվում են, կանգ չառնել և չհանձնվել. «Ես ինքս պայքարող տեսակ եմ և միշտ գնում եմ առաջ՝ անկախ իմ առջև ծառացած խնդիրներից»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։