08/11/2022 20:30
Սեզոնային աֆեկտիվ խանգարում. Պետք է բուժել, ոչ թե քողարկել. Խորհուրդներ հոգեբանից
Սեզոնային աֆեկտիվ խանգարումը (SAD) դեպրեսիայի մի տեսակ է, որն առաջանում է որոշակի փոփոխության պատճառով: Որպես կանոն, ախտանիշները սկսում են ի հայտ գալ ուշ աշնանը կամ ձմռան սկզբին, իսկ թեթևացումը տեղի է ունենում գարնանը և ամռանը։ Ենթադրվում է, որ սեզոնային աֆեկտիվ խանգարումը կապված է տարբեր եղանակներին հասանելի ցերեկային լույսի քանակի հետ:
Խնդրի շուրջ Aysor.am-ի լրագրողը խոսել է հոգեբան Մարիետա Մնացականյանի հետ՝ պարզելու խանգարման առաջացման պատճառներն ու իրավիճակից դուրս գալու ուղիները.
«Ընդհանուր առմամբ, մարդկանց 4%-ից 6%-ը տառապում է սեզոնային աֆեկտիվ խանգարմամբ, և ևս 10%-20%-ը կարող է զգալ այն ավելի մեղմ ձևով: Այս խանգարումն ավելի հաճախ է հանդիպում կանանց, քան տղամարդկանց մոտ: Երեխաները նույնպես երբեմն դառնում են դրա զոհը, սակայն դա սովորաբար չի ազդում 20 տարեկանից ցածրերի վրա: Մեծահասակների մոտ տարիքի հետ նվազում է սեզոնային աֆեկտիվ խանգարման զարգացման ռիսկը։ Բացի այդ, այս երևույթն ընդհանուր առմամբ ավելի տարածված է հյուսիսային շրջանների բնակիչների շրջանում, որտեղ ձմեռներն ավելի երկար են և դաժան, և արևի լույսը քիչ է հասարակածից հեռավորության պատճառով», - ասաց հոգեբանը:
Մասնագետի խոսքով, ոչ բոլոր մարդիկ են նույն կերպ զգում սեզոնային աֆեկտիվ խանգարումը: Ձմռանն ամենատարածված ախտանիշները ներառում են.
ախորժակի փոփոխություններ՝ հատկապես քաղցրավենիքի և օսլա պարունակող մթերքների հանդեպ հակում,
ավելորդ քաշի ավելացում,
հոգնածություն և չափազանց երկար քուն,
կենտրոնանալու դժվարություն,
դյուրագրգռություն և անհանգստություն,
սոցիալական շփումներից խուսափում,
մեղքի կամ հուսահատության զգացում,
ֆիզիոլոգիական խնդիրներ, գլխացավեր և այլն:
Սեզոնային աֆեկտիվ խանգարման ախտանիշները սովորաբար կրկնվում են տարեցտարի, սկսվում և ավարտվում են մոտավորապես նույն ժամանակ:
Հարցին, թե հնարավո՞ր է կանխել խանգարման զարգացումը, մասնագետը պատասխանեց. «Ցավոք սրտի, սեզոնային աֆեկտիվ խանգարումը բացառապես ենթակա չէ կանխարգելման, այնուամենայնիվ, կան մի շարք քայլեր, որոնք կարող են կանխել ախտանիշների վատթարացումը: Սեզոնային աֆեկտիվ խանգարումների բուժման հիմնական միջոցներն են լուսաթերապիան, վարքային թերապիան և դեղորայքային բուժումը: Եթե մեթոդներից մեկի օգտագործումը արդյունք չի տվել, բժիշկը կարող է նշանակել միանգամից մի քանիսի համադրություն»։
Թերապևտիկ զրույցները կամ վարքային թերապիան կարող են օգնել բացահայտել բացասական մտքերը, այնուհետև դրանք փոխարինել դրական մտքերով: Այս տեխնիկան օգնում է սովորել առողջ ուղիներ՝ հաղթահարելու սեզոնային աֆեկտիվ խանգարման և ընդհանրապես սթրեսի ախտանիշները:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ որոշակի կենսակերպի փոփոխությունները կարող են նաև մեղմել ախտանիշները.
Պետք է ապահովել արևի առավելագույն ներթափանցում՝ բացել վարագույրները, նստեք պատուհանի մոտ և, ընդհանուր առմամբ, աշխատել հնարավորինս շատ լույս թողնել սենյակ: Կարևոր է դուրս գալ մաքուր օդ շնչելու և զբոսնելու. նույնիսկ եթե դրսում ցուրտ է և ամպամած, բնական լույսը չափազանց օգտակար է:
Հոգեբան Մարիետա Մնացականյանը խորհուրդ է տալիս պահպանել ֆիզիկական ակտիվությունը, քանի որ դրանք խթանում են էնդորֆինների արտազատումը և պայքարում սթրեսի դեմ.
«Պետք չէ ելք փնտրել ալկոհոլի և թմրանյութերի մեջ։ Դրանք միայն խորացնում են դեպրեսիան, ինչպես նաև վտանգավոր ռեակցիաների մեջ են մտնում հակադեպրեսանտների հետ։
Նվազեցրեք սթրեսի մակարդակը: Ժամանակակից աշխարհում անհնար է լիովին խուսափել սթրեսային իրավիճակներից, ուստի պետք է սովորել, թե ինչպես արդյունավետ վարվել դրանց հետ:
Մի մեկուսացեք ձեզ հասարակությունից. Իհարկե, դեպրեսիայի ժամանակ ավելի դժվար է շփվել այլ մարդկանց հետ, բայց միայնությունը միայն կսրի իրավիճակը։ Փորձեք հնարավորինս սոցիալապես ակտիվ մնալ»:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։