08/11/2022 17:41
«Մի քանի մետր է դիրքերի տարբերությունը, նրանց զինվորների դեմքերը երևում են»․ ՔՊ-ական պատգամավորը՝ ադրբեջանական ներխուժումից հետո ստեղծված իրավիճակի մասին
Այցելել ենք Ջերմուկի հատվածի սահմանային կետեր, մեր աչքով ենք տեսել այն, ինչը կա, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ներխուժման հետևանքով սահմանին ստեղծված իրավիճակին։
Իշխող խմբակցության պատգամավորը շեշտեց՝ տեղեր կան, որտեղ ադրբեջանական կողմն այնքան մոտ է դիրքավորվել, որ նրանց զինվորների դեմքերն են անգամ տեսանելի։
«Այո, տեղեր կան, և բնական է, որ սահմանագծում արդեն թշնամու դիրքերը երևում են՝ և՛ հեռադիտակով, և՛ անզեն աչքով ուշադիր դիտելու դեպքում։ Տեղ ունենք Խոզնավարում, որ ընդամենը մի քանի մետր է դիրքերի տարբերությունը, և նույնիսկ զինվորներն են երևում՝ դեմքերով։ Սեպտեմբերի 13-ից նրանց առաջխաղացումից հետո մեր դիրքային իրավիճակը թույլ է տալիս անզեն աչքով տեսնել նրանց դիրքերը»,- ասաց Խաչատրյանը։