08/11/2022 13:44
Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում. Վահան Քերոբյան
Երևանում մեկնարկել է «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 150 ներկայացուցիչ` Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար հնարավորությունների ստեղծումը: Միաժամանակ, համաժողովը Թվային Ջուղա ցանցի ակտիվացման կարևոր միջոցառումներից է՝ ի լրումն հայկական ստարտափների համար ներդրումների ներգրավման։
Վենչուրային և կորպորատիվ վենչուրային ֆոնդերը ֆինանսների աղբյուր են, որոնք ապահովում են ներդրումներ ստարտափներում, նորարարական նախագծերում` խթանելով տնտեսական աճը: Միջոցառման օրակարգը ներառում է ոլորտի վերաբերյալ կարևոր թեմաները՝ մասնավոր կապիտալի համաշխարհային շուկայի միտումները, մասնավոր կապիտալը՝ որպես այլընտրանքային ակտիվներ խելացի փողով ներդրումներ անելու համար:
Երկօրյա համաժողովի ամբողջ ընթացքում կաշխատի BDO Armenia-ի խումբը, որի մասնագետներն առաջնային խորհրդատվություն կմատուցեն ընկերություններին՝ հարկային և իրավական թեմաներով։
«Այլընտրանքային ներդրումների աղբյուրները կխթանեն փողի հոսքը դեպի Հայաստանի տնտեսություն՝ աջակցելով նորարար գաղափարներին, կբարձրացնեն արդյունավետությունը և հնարավորություն կստեղծեն ինստիտուցիոնալ կապիտալի կառավարման համար», - նշեց «Orion Worldwide Innovations» -ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորելով համաժողովը, նշեց, որ նախարարությունն ու կառավարությունը նպատակ ունեն զարգացնել տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային շերտերը։ Նրա խոսքով՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ կատարած համատեղ հետազոտությունների արդյունքը ցույց է տվել, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։ Մարդիկ դիտարկում են նաև մասնավոր ներդրումային հնարավորությունները։
«Հայաստանում կան մեծ հնարավորություններ մասնավոր ներդրումներ ներգրավելու համար։ Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից տեղափոխվել ներդրումների վրա հիմնված մոդելի՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 տոկոսին, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ-ի 6 տոկոսին և այլն։ Ես հավաստիացնում եմ, որ ստեղծված են բոլոր նախապայմանները, որպեսզի մասնավոր ներդրումային ֆոնդերը Հայաստանում ծավալեն հաջող գործունեություն, և կառավարությունն ամեն կերպ կօժանդակի այդ ֆոնդերի ձևավորմանը և հաջողությանը», - եզրափակեց Քերոբյանը։